Աշխատանքային առասպելներ. աշխատանքի մասին ձեզ պատմած ստերը
2015թ-ին «Films for Action» կայքում Մետ Օրֆալեան մի տեսահոլովակ տեղադրեց այն ստերի մասին, որ մեզ հաճախ ասում են կապված աշխատանքի հետ:
Նա հետևյալ օրինակներն է նշում՝
- «Հաջողակ ես, որ գործ ունես»:
Մենք սա անընդհատ լսում ենք: Սակայն հաջողակ որևէ բան չկա նրանում, որ արթուն եղած ժամանակիդ մեծ մասը պետք է անես այն, ինչ ուրիշներն են քեզ ասում: Դու իսկապես հաջողակ ես, եթե հաճույք ես ստանում արածդ գործից (ինչը, սակայն, հաճախ չէ, որ պատահում է): Իսկ եթե այդ գործը դու ատում ես… ինչպես ԱՄՆ-ի բնակչության մեծ մասը: Դա հաջողության հակառակն է, ինչը ցավալի է և շատ տարածված:
- «Դու ստանում ես այն, ինչի արժանի ես»:
Մարդու ներուժն անսահմանափակ է, իսկ ահա ժամանակը՝ սահմանափակ: Ուստի յուրաքանչյուրի ժամանակը թանկարժեք ռեսուրս է: Ցավոք, համատարած մշակույթը չի գնահատում մարդկային ներուժը… բացի գումար ստեղծելու ներուժից: Դու վարձատրվում ես այնքան, որքան քո ծառայությունն արժե ըստ քո գործատուի, ինչը, որպես կանոն, բավական է քեզ հուսահատ պահելու համար, որ դու շարունակես աշխատել ի նպաստ գործատուի:
- «Արդյունավետ լինելու համար դու աշխատանքի կարիք ունես»:
Խորհրդատուին խորհուրդ տալ, թե ինչպես խորհուրդ տալ խորհրդատուին․ ըստ ձեզ սա արդյունավե՞տ է: Հավանաբար ոչ: Աշխատանքը միայն ենթադրում է, որ դու աշխատավարձի չեկ ես ստանում, սակայն այն չի նախատեսում արդյունավետություն: Առասպել է, որ նրանք, ովքեր մշտական աշխատանք ունեն, «հասարակության արդյունավետ անդամներն են»: Ավելին, ամենաբարձր վարձատրվողները հաճախ հասարակության ամենաքիչ արդյունավետությամբ աշխատող անդամներն են: Օրինակ, հարուստ ներդրումային բանկիրները, ովքեր տապալեցին տնտեսությունը կամ նավթային կազմակերպությունները, որոնք ոչնչացնում են շրջակա միջավայրը:
Զարմանալի է, բայց չվարձատրվողները համատարած շատ ավելի արդյունավետ են աշխատում: Օրինակ, լավ մայրը երեխա դաստիարակելիս աշխատում է շաբաթական գրեթե 100 ժամ: Ընդ որում, դա գոյություն ունեցող ամենակարևոր և ամենապատասխանատու աշխատանքն է: Հասարակության ապագան բառացիորեն կախված է ապագա սերունդներ մեծացնելու այդ աշխատանքից:
Մինչդեռ դրա դիմաց աշխատավարձ չկա: Մի խոսքով աշխատանքի և արդյունավետության մեջ կապ չկա:
- «Լավ կազմակերպությունները լավ գործատուներ են»:
Նրանք քեզ աշխատանքի են վերցնում, որ դու իրենց համար փող սարքես, ոչ թե, որ քո ընկերները դառնան: Եթե նրանք կարողանան ավելի շատ փող սարքել քեզ տեխնոլոգիայով կամ ավելի պարզամիտ կամ հուսահատ մեկով փոխարինելով, նրանք դա կանեն:
- «Չաշխատողները ծույլ են»:
Եթե գործ չունես, չի նշանակում, որ ծույլ ես: Աշխատանք փնտրելն ինքնին մեծ աշխատանք է պահանջում, այն էլ ֆինանսական և սոցիալական աջակցության պակասի պայմաններում: Եվ իրոք, ո՞վ է ավելի ծույլ՝ չաշխատո՞ղը, ով պետք է կարգապահորեն ինքնուրույն ինչ որ նպատակների հետևից գնա՝ առանց ուղղորդման կամ վարձատրության, թե՞ աշխատողը, ով անում է այն, ինչ իրեն ասում են:
- «Աշխատանքը կյանքի առաքելությունն է»:
«Ինչպե՞ս է գործդ», «ի՞նչ ես աշխատում». սրանք առաջին բաներն են, որ մարդիկ հարցնում են, ուստի բնական է, որ մենք հավատում ենք, որ դրանք ամենակարևոր բաներն են: Մեզ հավատացնում են, որ մենք պետք է 18 տարի կամ ավել դպրոց գնանք, որ աշխատանք ձեռք բերենք: Մեզ չեն սովորեցնում փնտրել և գտնել մեր հետաքրքրության ոլորտները, կամ ղեկավարությանը կասկածի տակ դնել, կամ ինչ որ արժեքավոր բան տալ հասարակությանը:
Մեզ մեծացնում են, որ մենք փող սարքենք: Բայց շատ բաներ կան, որոնց համար արժե ապրել … իսկ մենք շատ հաճախ դրանք մի կողմ ենք դնում՝ աշխատելու համար՝ ուրախություն, առողջություն, գիտելիք, սեր, առաջընթաց:
- «Բոլորը պետք է կյանքի համար վաստակեն»:
Սա ճիշտ էր այն ժամանակ, երբ անձը պետք է բառացիորեն աշխատեր դաշտերում՝ սննդի համար: Սա այլևս արդիական չէ: Առաջ այդ աշխատանքի համար պահանջվում էր աշխատուժի 90 տոկոսը: Այսօր միայն 1.7 տոկոսն է անհրաժեշտ: Իհարկե, մենք պետք է շարունակենք աշխատել նորամուծությունների և առաջընթացի համար: Բայց մենք այլևս կարիք չունենք աշխատել ուղղակի ապրելու համար: Օրինակ, ԱՄՆ-ում արտադրած սննդի 40 տոկոսը դեն է նետվում, իսկ յուրաքանչյուր անտուն ամերիկացու համար վեց դատարկ բնակարան կա: Այսինքն, մենք բառացիորեն առատության դարաշրջանում ենք ապրում: Բայց մեր դրամային համակարգը և չափից շատ աշխատելու մշակույթը թույլ չեն տալիս մեզ դա գիտակցել:
- «Եթե շատ աշխատես…»:
Եթե դպրոցում ժամանակին աշխատասեր լինեիր և լավ գնահատականներ ստանայիր, լավ աշխատանք կարող էիր ունենալ: Սա այլևս ճշմարիտ չէ:
- «Ես չեմ կարողանում որևէ գործ գտնել»:
Թեև իմաստալից աշխատանքների մեծ պակաս կա, այնուամենայնիվ, անելու շատ բան կա: Հերիք է շուրջդ նայես՝ եկամուտների աճող անհավասարություն, աղքատություն, գլոբալ տաքացում և այլն: Շատ աշխատանք է հարկավոր մեր խնդիրները լուծելու համար: Բայց ոչ ոք չի ստեղծում աշխատանք, որի միջոցով կլուծվեն այդ խնդիրները, քանի որ դա այնքան էլ եկամտաբեր չէ: Կամ այնքան եկամտաբեր չէ, որքան արժեթղթերի շուկայում խաղալը…
Ըստ Մետ Օրֆալեայի, լավագույն բանը կլիներ բոլորին գումար տալը: Դա թույլ կտար բոլորին իրենց ուզած գործն անել: Իսկ մարդկանց մեծ մասը ցանկանում է կարևոր աշխատանք անել: Սա անվերապահ բազային եկամտի գաղափարն է, որը ժամանակին լրջորեն քննարկվում էր ողջ աշխարհում՝ որպես աղքատության լուծում և աշխատավայրում անարդյունավետությանը վերջ դնելու տարբերակ: