img
  • արժանապատիվ աշխատանք

Գնա՞լ արձակուրդի

 Ամառ է, արձակուրդների շրջան, ինչի կապակցությամբ էլ արժի խոսել արձակուրդային իրավունքի վիճակի մասին։ Թեև հոդվածն ԱՄՆ օրինակի մասին է և գրված է 2013թ-ին, սակայն այն կարելի է արդիական համարել աշխարհի տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի համար:

Հոդվածի հեղինակ Լին Սթյուարթ Պարամուրը համեմատում է միջնադարյան գյուղացու ու ներկայիս բնակիչների աշխատանքային ցիկլը, նշելով, որ միգուցե միջնադարյան գյուղացու կյանքն այնքան էլ հեշտ չի եղել՝ հաշվի առնելով վարուցանքի ծանր աշխատանքը, սակայն նա, այնուամենայնիվ, ունեցել է հանգստյան երկար ժամանակահատված, որը կարող էր ութ շաբաթից մինչ կես տարի տևել: Իհարկե եկեղեցին էլ մյուս կողմից զգուշանալով, որ գյուղացու ազատ ժամանակը կարող էր վատ անդրադառնալ պետության ու եկեղեցու վրա (քանի որ գյուղացիները կարող էին ապստամբել), իր հերթին պարտադիր տոնացույց ներմուծեց (դե իսկ ծնունդ, հարսանիքներն էլ շաբաթներ կարող էին տևել): Այս ամենը հնարավորություն էր տալիս գյուղացուն լիարժեք հանգիստ վայելել մինչ վարուցանքի նոր սեզոնի սկսելը (հիմնականում իհարկե առանց ապստամբելու):

Իսկ ի՞նչ է կատարվում այսօրվա ամերիկացի աշխատողի հետ. դե առաջին մեկ տարին աշխատելուց հետո, նա հազիվ ութօրյա հանգստի հույս կարող է ունենալ (3 տարի անց՝ տասնօրյա, 25 տարի անց՝ 15-օրյա): Հեղինակը նշում է, որ ԱՄՆ-ն հավանաբար միակ զարգացած երկիրն է, որը չունի հանգստի ազգային որևէ քաղաքականություն: Շատ ամերիկացիներ շարունակում են աշխատել նույնիսկ հանրային տոներին, իսկ արձակուրդային օրերը էտպես էլ մնում են չօգտագործված:  Նույնիսկ երբ հաջողվում է պոկել էտ մի քանի օր արձակուրդը, ի՞նչ են անում այդ աշխատողները (դե մեծ մասը). շարունակում են պատասխանել նամակներին, մի խոսքով չեն կտրվում գործերից:

Բայց հեղինակը շտապում է նշել, որ շատ բան չէ, որ կախված է աշխատողից: Այսօր (համենայն դեպս հոդվածը մի տաս տարեկան է), երբ գործազրկությունը բարձր ցուցանիշներ է գրանցում, դե իսկ աշխատանքային միությունները, որոնք կզբաղվեին աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ, բավականին թույլ են (արդիական է այսօր էլ), աշխատողներն այլընտրանք չեն գտնում, քան պարզապես ընդունել այն պայմանները, որոնք թելադրում են միջավայրը, գործատուն: Ուստի իրավիճակում, երբ աշխատանքային պայմանագիրը ցանկացած պահ կարող է լուծարվել, այնքան էլ հեշտ չէ բողոքելը (էլ ուր մնաց արձակուրդի մասին երազելը):

Հատկանշական է, որ շատ աշխատելը ամենևին չի խոստանում արդյունավետություն: Հակառակը, ըստ ուսումնասիրությունների (թեև առանց դրանց էլ սա հասկանալի է), արդյունավետությունը հատկապես բարձրանում է արձակուրդից հետո, երբ աշխատողները «վերալիցքավորված» անցնում են գործի (ո՞վ ասեց, որ հեռախոսներին էներգիայով լիցքավորել պետք է, իսկ մարդկանց՝ ոչ): Դե իսկ որքան երկար արձակուրդ, այնքան մոտիվացիայով լեցուն աշխատող (հաստատ խոսքը հինգ օրով մի տեղ գնալու մասին չէ):

Ավելին, համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (անգլերեն հապավումը կարող է ավելի ծանոթ լինել՝ OECD) ուսումնասիրության, հույները աշխատում են ավելի շատ, քան որևէ այլ եվրոպացի, բայց դե տնտեսությունն ամենավատ վիճակում է հենց Հունաստանում (այսօր էլ կարծես բան չի փոխվել): Մինչդեռ, ասենք գերմանացիները վերջից երկրորդ տեղն են զբաղեցնում աշխատանքային ժամաքանակով: Այդպես, գերմանացիները իրենց արդյունավետությամբ 8-րդ տեղն են զբաղեցնում Եվրոպայում, մինչդեռ աշխատասեր հույները՝ 24-րդ:

Եզրափակելով հոդվածը, հեղինակը նշում է, որ որոշ անձինք փորձել են ամերիկյան աշխատանքային նման տենդենցների վերջը տալ, և  նույնիսկ կոնգրեսական Ալան Գրեյսոնը 2009-ին վճարվող արձակուրդի մասին օրենսդրական առաջարակություն է ներկայացրել, սակայն այն նույնիսկ Կոնգրես չի հասել: Հեղինակի ուշադրությունից միևնույն ժամանակ չի վրիպում այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի կոնգրեսականները կարծես թե միակն են ԱՄՆ-ում, ովքեր ստանում են այնքան արձակուրդ, որքան միջնադարյան գյուղացին, մասնավորապես 2013-ին՝ 239 արձակուրդային օր (չնայած դա կարող է շատ ավելի քիչ լինել, եթե հաշվի առնենք, որ սրանք իրական արձակուրդային օրեր չեն։ Այնուամենայնիվ, նրանց իրական արձակուրդները միջինից ավել կարելի է համարել՝ 30-50 օր)։

Աղբյուր

chat assistant

Դուք կարող եք օգտագործել մեր առցանց օգնականը՝ հարցերին արագ պատասխան ստանալու համար։

Առցանց խորհրդատու

chat assistant
👋 Բարև Ձեզ, ինչո՞վ կարող եմ օգնել
0 / 1000