Երբ քո կյանքը պլանավորում են ուրիշները կամ ու՞մ է պետք 40 ժամյա աշխատանքային շաբաթը
Նվերներ հարազատներին, ուտելիք սեղաններին, Նոր տարին հունվարի մեկին, աշխատանքային շաբաթը 40 ժամ, մի խոսքով ամեն ինչ ինչպես ամեն տարի. մնում է հասկանալ, թե Նոր տարու էլ ի՞նչն է նոր, եթե ամեն ինչ այնպես է ինչպես ամեն տարի: Ընդհանրապես շատ հարցեր կան, որոնք մենք մեզ չենք հարցնում տարբեր պատճառներով՝ ժամանակ չկա խորանալու, իմաստ չկա հարցադրելու, ավելի հեշտ է ընդհանուր հոսանքով գնալ: Բայց այ մի պահ կանգնում ու հարց ես տալիս, լավ ինչու՞ Նոր տարին պիտի սկսվի ոչ թե ասենք գարնան գալուստով, երբ ամեն ինչ սկսում է ծաղկել – լցվել կյանքով, ու իրոք մինչև ոսկոր լցվում ես ինչ որ նոր բան սկսելու ցանկությամբ, այլ հունվարի 1-ին՝ ձմեռվա գրեթե ուղիղ մեջտեղը…երբ դեռ չգիտես ավելի ցուրտ ու ավելի մութ հունվա՞րն է լինելու, թե՞ փետրվարը, ու մի տեսակ անկողնուց էլ չես ուզում դուրս գալ, էլ ուր մնաց ինչ որ նոր բան սկսես:
Էլ չեմ խորանում սնունդի ու նվերների պարտադիր առկայության մեջ, որ մենք մեզ լավ համոզենք, որ իրոք տոն է ու էտ տոնական տրամադրությունը ստեղծենք ինչ որ նոր, բայց անպիտան բաներ գնելով: Դե իսկ գնելու համար էլ պարզ է, պիտի մի լավ աշխատենք, որ փող ունենանք՝ մյուսներին կամ մեզ լավ զարմացնելու համար: Մնում է հասկանանք՝ շատ աշխատել մի՞նչ Նոր տարի, թե՞ Նոր տարին պարտքով դիմավորել ու շատ աշխատել Նոր տարուց հետո:
Դեվիդ Քեյնը նրանցից է, ով մի պահ կանգ առնելուց ու հարցադրումներ անելուց հետո այլևս համընդհանուր հոսանքից կարծես դուրս է մնացել: Նա իր raptitude.com կայքում հերթական հոդվածում համատարած կենսակերպի մասին խոսելով նմանատիպ հարցեր է վերհանում:
«Դե ինչ, ես կրկին աշխատանք ունեմ, լավ վարձատրվող, և կյանքն էլ թվում է, թե այսուհետ իր բնական հունի մեջ է ինը ամիս ճանապարհորդելուց հետո: Քանի որ առաջ այլ կենսակերպ ունեի, ներկայիս հանկարծակի վերադարձը ժամը 9-ից 5-ը ռեժիմին ինձ մի նոր բան բացահայտեց, որն առաջ ես անտեսել էի:
Այն պահից երբ ես գործի եմ անցել, ես ահագին անզգույշ եմ դարձել գումար ծախսելու առումով: Օրինակ, ես նորից գնում եմ թանկ սուրճ, նույնիսկ այն պարագայում, երբ այն ավելի լավը չէ, քան այն, ինչ ես գնում էի, երբ աշխատանք չունեի ու ավելին, ես այն ավելի էի վայելում, քան թանկը, քանի որ ժամանակ ունեի վայելելու այն արևի տակ:
Խոսքը մեծ, էքստրավագանտ գնումների մասին չէ, այլ փոքր բաների, որոնք ոչ մի բանով լիարժեք չեն դարձնում իմ կյանքը: Ու ես դա անում եմ այն դեպքում, երբ դեռ երկու շաբաթ կա մինչ աշխատավարձ ստանալս: Հավանաբար ես դա անում եմ, քանի որ մի տեսակ իշխանության զգացողություն ունեմ, երբ մի քանի կոպեկ ավել կարող եմ ծախսել առանց մտածելու: Հատկապես լավ զգացողություն է դրամը ծախսելը, իմանալով, որ այն միևնույնն է շուտով կկրկնապատկվի:
Կարծում եմ, այն ինչ ես անում եմ, արտասովոր բան չէ, բոլորն էլ կարծես թե դա անում են: Այսինքն մի ինչ որ ժամանակ սպառողական մտածելակերպից հեռու մնալուց հետո ես պարզապես վերադարձել եմ դրան:
Բայց ա՛յ քեզ զարմանք. ճանապարհորդության ընթացքում ես շատ ավելի շատ ազատ ժամանակ եմ ունեցել այցելելու աշխարհի ամենագեղեցիկ անկյունները, հանդիպելու նոր մարդկանց, ավելի հանգիստ ու խաղաղ եմ եղել, մի խոսքով անմոռանալի ժամանակ եմ անցկացրել ու դա ինձ ամսական ավելի էժան է արժեցել, քան իմ այստեղի 9-ից 5-ը կենսակերպը, այն էլ ոչ այդքան թանկ կանադական այս քաղաքում: Այսինքն, քիչ դրամի դիմաց ես շատ ավելին էի ստանում ճանապարհորդելիս: Բայց ինչպե՞ս:
Անպիտան գնումների մշակույթը
Արևմուտքում մեծ բիզնեսը հանրության մեջ տարածել է ոչ անհրաժեշտ ծախսերով լի կենսակերպ: Չէ՞ որ նման անխնա ծախսերից օգուտ են քաղում հենց իրենք՝ մեծ բիզնեսները: Դրա համար էլ նրանք հանրության մեջ զարգացնում են ոչ անհրաժեշտ ծախսերի սովորությունը: Օրինակ, The Corporation ֆիլմում մարկետինգային հոգեբանը մի մեթոդի մասին է պատմում, որը նպաստում է եկամուտների աճին: Նրա անձնակազմը ուսումնասիրել է, թե ինչպես երեխայի նվնվոցը ավելի հավանական է դարձնում, որ ծնողը կգնի որևէ խաղալիք: Նրանք պարզեցին, որ իրենց խաղալիքների վաճառքը 20-ից 40 տոկոսով տեղի չէր ունենա, եթե չլիներ երեխաների նվնվոցը: Ուստի և, օգտվելով այս ուսումնասիրության արդյունքներից, նրանք սկսեցին մարկետինգային մեթոդներ կիրառել ուղղված անմիջապես երեխաներին, որ նրանք ստիպեն ծնողներին որևէ բան գնել:
Ինչպես իրենք են նշում, «Դու կարող ես սպառողներին մանիպուլացնել այնպես, որ նրանք ցանկանան և հետևաբար գնեն քո ապրանքները: Դա խաղ է»:
Եվ սա ընդամենը մեկ օրինակ է: Մեծ ընկերությունները իրենց միլիոնները ստեղծել են ոչ թե ազնվորեն իրենց ապրանքները գովազդելով, այլ ստեղծելով մի մշակույթ, ուր միլիոնավոր մարդիկ ձեռք են բերում ավելին, քան կարիքն ունեն, իսկ եթե մնում են անբավարարված, գնում են նորը:
Մենք իրեր ենք գնում մեզ ուրախացնելու, հարևանների հետ մրցելու, մանկությունում մեծահասակների կյանքի մասին ունեցած մեր պատկերացումները իրականացնելու, աշխարհում մեր տեղի մասին հայտարարելու և մի շարք այլ հոգեբանական պատճառների համար, որոնք ամենևին էլ կապ չունեն ապրանքի արդյունավետության հետ:
Շաբաթական 40 ժամ աշխատելը եկամտաբեր է, բայց ոչ աշխատողի համար
Եվ ահա այստեղ է, որ պարզ է դառնում, թե ում է պետք, որ աշխատանքային շաբաթն էլ լինի 40 ժամ: Հատկապես մեծ ընկերություններին է (խմբ.- բայց ոչ միայն), որ նման սպառողական մշակույթը պահպանելու համար ձեռնտու է 40-ժամյա աշխատանքային շաբաթը նոռմալ կենսակերպի վերածելը: Աշխատանքային նման գրաֆիկի դեպքում մարդիկ իրենց կյանքը դասավորում են երեկոների և շաբաթ-կիրակիի ընթացքում: Նման կենսակերպը ստիպում է հատկապես առատաձեռն ծախսել ժամանցի և հարմարությունների վրա, քանի որ մեր ազատ ժամանակը քիչ է երկար փնտրտուքների համար:
Ես ընդամենը մի քանի օր է, ինչ աշխատանքի եմ, բայց արդեն նկատում եմ, որ կյանքս լիարժեք դարձնող զբաղմունքները դուրս են մնում իմ կյանքից՝ քայլելը, մարզվելը, կարդալը, մեդիտացիան, գրելը: Դրանք պահանջում են ժամանակ ու գրեթե ոչ մի դրամ: Եվ ահա ես ունեմ լիքը փող և շատ քիչ ժամանակ: Վերջին բանը, որ ես կուզեի անել աշխատանքից տուն վերադառնալիս՝ մարզվելն է: Մարզվելու ցանկությունը բացակայում է նաև ճաշից հետո, քնելուց առաջ կամ հետո: Մինչդեռ աշխատանքային օրերին դրանք իմ միակ ազատ ժամերն են:
Եվ այստեղ է, որ խնդրին որպես լուծում գալիս է ավելի քիչ ժամեր աշխատելու պատասխանը: Բայց ցավոք, մեր տնտեսական համակարգում սա գրեթե անհնար է: Դու կամ աշխատում ես 40 ժամ կամ զրո ժամ: Իմ գործընկերները լրիվ ստանդարտ աշխատանքային օրվա մշակույթի մեջ են խրված, ուստի դժվար է, օրինակ, նրանց խնդրել, որ ինձ կեսօրից հետո չանհանգստացնեն, նույնիսկ եթե ես իմ գործատուին համոզեմ դրանում:
Ութ-ժամյա աշխատանքային օրը 19-րդ դարում բրիտանական արդյունաբերական հեղափոխության արդյունքն է, որը եկավ փոխարինելու 14-16-ժամյա աշխատանքային օրը: Ու թեև տեխնոլոգիաները և մեթոդները զարգացել են և ավելի կարճ ժամանակում ավելի շատ բան է հիմա հնարավոր, ինչը ենթադրում է, որ աշխատանքային ժամերն էլ պիտի որ քչանան, այնուամենայնիվ, նման բան տեղի չի ունեցել: Պատճառն այն է, որ 8-ժամյա աշխատանքային օրը եկամտաբեր է մեծ բիզնեսի համար ոչ թե նրա համար, որ 8 ժամում աշխատողները ավելի շատ բան են հասցնում անել (միջին աշխատողը 8 ժամում անում է 3 ժամվա աշխատանք), այլ նրա համար, որ որքան քիչ լինի ազատ ժամանակը, մարդիկ ավելի շատ գումար կծախսեն հարմարավետությունների, հաճույքների և այլ հանգստացնող բաների վրա:
Հոգնածությունը նրանց ստիպում է շարունակել հեռուստացույց և հետևաբար նրանց գովազդները դիտել, գործից դուրս շատ ձգտումներ չունենալ, ձգտել գնել իրեր, որոնք չունեն: Ի վերջո մենք այդքան գնումներ ենք անում, քանի որ մի տեսակ զգացում կա, որ ինչ որ մի բան պակասում է: Իսկ պատկերացնու՞մ եք, թե ինչ կլիներ, օրինակ, ամերիկյան տնտեսության հետ, եթե մարդիկ դադարեին այդքան անպիտան բաներ ձեռք բերելուց: Տնտեսությունը պարզապես կփլուզվեր և երբեք չէր վերականգնվի: Ութ-ժամյա աշխատանքային օրը մեծ բիզնեսի ամենազորեղ գործիքն է մարդկանց անբավարարված պահելու համար, որի արդյունքում ցանկացած խնդրի լուծում մի որևէ բան գնելն է:
ԱՄՆ-ի բոլոր հայտնի խնդիրները՝ գիրության խնդիրը, դեպրեսիան, աղտոտվածությունը, կոռուպցիան միլիարդավոր դոլարանոց տնտեսության արդյունքն են: Որպեսզի տնտեսությունը լինի «առողջ», մարդիկ պետք է «անառողջ» մնան:
Առողջ, երջանիկ մարդիկ սովորաբար ունեցածից ավելիի կարիք չունեն, ուստի չեն գնում ավելորդ բաներ կամ շատ գումարներ ծախսում ժամանցի համար, շատ գովազնդեր էլ չեն նայում:
Լսած կա՞ք Պարկինսոնի օրենքի մասին. հիմնականում ժամանակի համար են այն օգտագործում՝ որքան շատ ժամանակ ունես մի որևէ բան անելու համար, այնքան ավելի երկար է տևում այդ գործն ավարտելը: Զարմանալի է, թե որքան բան կարելի է հասցնել անել, եթե դու ունես 20 րոպե, իսկ եթե ողջ կեսօրը առջևում է, հավանաբար գործը կերկարի: Շատերս այս կերպ ենք վարվում նաև դրամի հետ: Որքան շատ ենք աշխատում, այնքան շատ ենք ծախսում: Դժվար է խուսափել կենսապայմանների մակարդակի բարձրացումից (կամ մեր ծախսերի ավելացումից) ամեն անգամ, երբ մենք ավելի բարձր պաշտոն ենք ստանում կամ ավելի շատ աշխատավարձ:
Իհարկե չենք ասում, որ պետք է համակարգից խուսափելու համար անտառում ապրել, բայց կարևոր է գիտակցել, թե ինչպես են մեզ փորձում մանիպուլացնել մեծ բիզնեսները: Նրանք տասնամյակներ են աշխատել, որ իդեալական սպառողներ կերտեն և հաջողել են դրանում: Եվ եթե դու բացառություն չես, ապա նրանք քո կյանքը ևս պլանավորել են: Իդեալական հաճախորդը երբեք բավարարված չէ, բայց ի վերջո դրա հույսն ունի, հետաքրքրված չէ անձնական զարգացմամբ, կախվածություն ունի հեռուստացույցից (խմբ- կամ համացանցից), լրիվ դրույք աշխատող է, նոռմալ աշխատավարձ է ստանում, մի ձև անցկացնում է իր ազատ ժամանակը և ողջ կյանքը:
Նմա՞ն է քեզ: Երկու շաբաթ առաջ ես կասեի՝ ոչ, բայց եթե իմ բոլոր շաբաթները լինեն այնպիսին, ինչպես հիմա, ապա ժխտական պատասխանս պարզապես ցանկության կվերածվի»:
Հայաստանի իրողությունն էլ հեռու չէ արևմտյանից
Եթե նկատել եք՝ մեզ մոտ էլ Ամանորը (ինչպես արևմուտքում) դարձել է ոչ այլ ինչ, քան մարկետինգային քայլ՝ ձմեռ պապիկի (հիմա ավելի շատ սանտա կլաուսի) և տոնածառի շղարշի ներքո վաճառել որքան հնարավոր է շատ՝ սնունդ, նվերներ, կենցաղային տեխնիկա, զարդարանքներ: Դե ի վերջո տարին մի անգամ է Նոր տարի լինում, ինչու՞ չծախսվել որ: Կարևորը մյուսներին ու ինքդ քեզ էլ ապացուցես, որ դու դա կարող ես: Մեզ մոտ էլ շուկան իր ուշադրության կենտրոնում է պահում երեխաներին և հատկապես Ամանորին նաև երեխաների միջոցով է մանիպուլացնում ծնողներին: Դե իսկ ծնողներն էլ 40 էլ, ավել ժամ էլ պատրաստ են աշխատել այս մրցավազքում: Մնում է հարց տալ, իսկ ու՞մ համար է մրցավազքը, ո՞վ է կազմակերպիչը/ները, ու՞մ է պետք հերթական iPhone-ը կամ նոր կահույքը, եթե հինն էլ վատ չի ծառայում: Բայց դե էսպիսի հարցեր տալու համար ժամանակ պետք է ունենալ: Իսկ դա քիչ հնարավոր է, երբ երկուշաբթի օրը մտքերդ միայն ուրբաթ օրվա մասին են, իսկ 8 ժամ աշխատելուց հետո միակ երազանքդ անկողինն է ու բարձդ:

