img
  • Նոր մոտեցումներ

Ինչո՞ւ այդպես էլ չի իրականանում 15-ժամյա աշխատանքային շաբաթվա կանխատեսումը

Աշխատանքային ժամերի մասին որևէ քննարկում սկսելիս գրեթե միշտ մեջբերվում է տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսի՝ 1930-ականների այն կանխատեսումը, համաձայն որի 21-րդ դարում մենք (կամ գոնե արևմուտքը) այնքան հարուստ կլինենք, որ շաբաթական միայն 15 ժամ կաշխատենք: Քեյնսը ճիշտ էր այնքանով, որ մենք (էլի արևմուտքը) իսկապես հարուստ ենք այսօր այն ժամանակների համեմատ: Բայց նա նաև սխալվել է, քանի որ շաբաթական 15 ժամ չենք աշխատում ու մոտ էլ չենք այդ թվին: ԱՄՆ-ում աշխատանքային շաբաթը այն ժամանակների միջինը 48 ժամից շատ չի տատանվել:

Ավելին. հարուստները, որոնք պետք է որ ամենաշատ ազատ ժամանակն ունենային, ավելի շատ են աշխատում, քան երբևէ (համենայն դեպս ըստ հոդվածի գրման ժամանակաշրջանի՝ 2012թվի): Այս հոդվածի հեղինակ Չարլզ Չուն փորձում է հասկանալ ինչու է այսպես, ինչու Քեյնսի կանխատեսումները չեն իրականացել, ինչու բոլորը, գոնե արևմուտքում, չեն աշխատում շաբաթական 15 ժամ: Սրանք բավականին թեժ քննարկման հարցեր են և հեղինակը նշում է, որ լիարժեք պատասխաններ չունի: Սակայն փողի հանդեպ մեր վերաբերմունքի, լավ կյանքի, մարդու էության շուրջ նա մի երկու լավ թեզեր է առաջ բերում՝ այս հարցերին պատասխանելու համար:

Այս հարցերին նա անդրադառնում է Ռոբերտ Սկիդելսկիի և նրա որդու՝ Էդվարդի աշխատությունների միջոցով: Ռ. Սկիդելսկին Քեյնսի կենսագրության հեղինակն է և գրել է աշխատություն «Որքա՞նն է բավարար. փողը և լավ կյանքը» աշխատությունը:

Այսպես, հայր և որդի պնդում են, որ Քեյնսի սխալը նրանում է կայանում, որ նա մտածել է, թե մարդկային ցանկությունները սահման ունեն: Քեյնսի սխալը նրանում է, որ նա չի տարբերակել մարդկային կարիքները ցանկություններից. ավելին, նա այս երկու տերմինները որպես հոմանիշ է կիրառել իր աշխատանքում: Սակայն կարիքը վերաբերում է լավ ու հարմարավետ կյաքնի պահանջների բավարարմանը, ուստի և որոշակի սահմանափակում ունի, իսկ ահա ցանկությունները, որոնք ավելի շուտ հոգեբանական կատեգորիայից են, անսահման են թե՛ քանակի, և թե՛ որակի տեսանկյունից:

Քեյնսը մտածում էր, որ հարստանալուն զուգահեռ դրամի արժեքավորությունը կնվազի մեզ համար: Ըստ նրա՝ մի օր մենք լիարժեքորեն կբավարարվենք և տեղ կմնա առավել բարձր արժեքների շուրջ մտորելու համար: Սակայն մենք հիմա լավ գիտենք, փորձը մեզ ցույց է տվել, որ նյութական ցանկությունները չունեն սահման, դրանք անվերջորեն ընդլայնվում են, եթե իհարկե գիտակցաբար դրանք չսահմանափակենք: Դե իսկ կապիտալիզմը հենց այս անվերջորեն ընդլայնվող ցանկությունների վրա է հենվում: Այն մեզ հարստացրել է, սակայն զրկել է հարստանալու ամենակարևոր առավելությունից՝ բավականաչափ ունենալու գիտակցությունից:

Ուստի այս հոդվածի հեղինակը նշում է, որ միգուցե անարդար է կապիտալիզմին մեղադրել այս գիտակցության խաթարման համար: Էվոլյուցիոն տեսությունը սովորեցրել է, որ բոլոր էակները գոյատևելու ու բազմանալու բնական մղում ունեն: Եվ շարունակական մղումը դեպի ավելին՝ մարդու էության մասն է, և ոչ կապիտալիստ հասարակության արդյունքը:

Այնուամենայնիվ, հավանական է նաև, որ կապիտալիստ հասարակությունն էլ իր հերթին բազմապատկում է մեր բնական ցանկությունները: Ինչպե՞ս: Մի բացատրությունն այն է, որ իրերի բազմազանությունը մղում է ավելին ցանկանալուն: Խանութներն այսօր միևնույն ապրանքի հազարավոր տարբերակներ են առաջարկում, որոնք բոլորը մենք միևնույնն է ի վիճակի չենք ձեռք բերել: Գովազդը, որն ամենուր է, անհնար է անտեսել. այն առաջարկում է մեզ ապրանքներ, որոնք մենք չէինք էլ կարծում, որ մեզ անհրաժեշտ են: Սակայն ցանկությունների ընդլայնման համար այստեղ կա մի կարևոր և թերըմբռնված պատճառ, այն է՝ սոցիալական կարգավիճակի խնդիրը, որի բավարարման համար անվերջ գումարների ծախս է պահանջվում:

Հոդվածի հեղինակը մեջբերում է իր դպրոցական տարիների փորձը: Այն ժամանակ նա ձգտում էր համոզել մորը գնել իրեն պատռված ջինսեր: Մայրը հրաժարվում էր, քանի որ դեկտեմբեր էր, ցուրտ էր և անիմաստ էր գնել պատռված ջինսեր, այն էլ 40 դոլարով: Հեղինակը նշում է, որ մայրը չէր հասկանում իր ցանկությունը, որը ոչ թե հիմնված էր ջինսերի ֆունկցիոնալության վրա, այլ հասարակական կարգավիճակի:

Եվ ահա հեղինակի եզրահանգում է, որ երբ մեր սովորական կարիքները բավարարվում են, գումարները սկսվում են ուղղվել մեր կարգավիճակի փուչիկը լցնելու վրա:

Հեղինակի համար պատռված ջինսը մի բաժանարար գիծ էր արժեքավորի ու անարժեքի, հաջողակ ու անհաջողակ երեխաների միջև: Պատռված ջինսերը կարգավիճակի սիմվոլ էր, իսկ դա էլ շատ կարևոր էր դպրոցը առանց հասակակիցների կողմից ճնշումների ավարտելու համար:

Կարգավիճակը պակաս կարևոր չէ նաև մեծահասակների համար: Հենց կարգավիճակից դրդված ծախսերն են, որ ըստ Սկիդելսկիի՝ Քեյնսը աչքաթող է արել: Երբ մեր սովորական կարիքները բավարարված են, մեր գումարները գնում են մեր կարգավիճակի փուչիկը փչելուն: Որոշակի սահմանից հետո մեր եկամուտների մեծ մասը ծախսվում է իրերի վրա, որոնց կարիքը մենք չունենք, սակայն դրանք ծառայում են այդ իրերը գնողին «վերադասելուն»: Այս երևույթը կոչվում է «ակներև սպառողականություն», և հեղինակն այս երևույթին մի առանձին հոդվածով էլ է անդրադարձել:

Կարճ շրջազգեստի հարցը

Թեև շատ դժվար չէ հասկանալ, թե ինչպես է կարգավիճակի մրցակցությունը հանգեցնում ծախսերի աճին, սակայն կարող է այնքան էլ պարզ չլինել, թե ինչու է դա տեղի ունենում: Սրա մի պատասխանը հեղինակն անվանում է կարճ շրջազգեստի ֆենոմեն: Հեղինակն ապրում է Ճապոնիայում՝ մի դպրոցի հարևանությամբ: Ճապոնացի աշակերտները հագնում են համազգեստ: Անգամ ձմեռվա ցուրտ ամիսներին բոլոր աշակերտները հագնում են կարճ շրջազգեստներ: Նախատեսված է, որ դրանք պետք է հասնեն ծնկներին, սակայն աղջիկները դրանք կարճացնում են: Ինչու՞: Հավանաբար նրանց համար կարճ շրջազգեստը նույն նշանակությունն ունի, ինչ որ հեղինակի համար պատռված ջինսերը: Երկար շրջազգեստ հանգելը անհաջողակ լինելու մասին հայտարարություն է, ինչը ընկերներից զրկվելու պոտենցիալ ունի: Ինչպես Ճապոնիայում են ասում ՝ ցցված մեխի գլխին են տալիս:

Իհարկե շրջազգեստների կարճությանը կա սահման: Իսկ ահա ծախսվելուն սահման չկա: Եթե մեկը տարեկան 100.000 դոլար եկամուտ ունի, մյուսն ուզում է 200.000 դոլար ունենալ: Եթե մի քանի միլիոն են ստանում, ուզում են մի քանի միլիարդ ստանալ: Էական չէ՝ որքան հարուստ ես դառնում, միշտ կա ավելի շատ ծախսելու և սպառելու հնարավորություն: Նման պարագայում կարևոր էլ չէ, թե որքան հարուստ ենք այսօր՝ համեմատած 1930-ականներին: Էական է դարձել տնտեսական հիերարխայի որոշակի մակարդակում լինելը՝ որքան շատ ծախս, այնքան բարձր դիրք:

Ընդ որում այս կարգավիճակային մրցակցությունը ամեն ոլորտում է՝ քաղաքական ընտրություններ, մոդեռնիստական ճարտարապետություն և այլն: Եվ սա գլոբալ խնդիր է:

Մշակույթի դերը

Մշակույթը, սակայն, ևս պետք է հաշվի առնել: Աշխատանքային ժամերը երկրից երկիր տարբերվում են, անգամ եթե հարստության մակարդակը նույնն է: Օրինակ ԱՄՆ-ում միջին աշխատանքային քանակը տարեկան 400 ժամով ավել է Գերմանիայից, և Սկիդելսկին սա կապում է մշակույթի հետ: Ներգաղթյալ հասարակությունից բաղկացած ԱՄՆ-ում գումար վաստակելը հաջողության գրավականն է, իսկ Եվրոպայում, ուր հիերարխիկ մշակույթը բոլորի համար գումար կերտելու գործում սահմանափակումներ է դրել, հանգեցրել է այնպիսի կենսակերպի, ուր գումար վաստակելը գերնպատակ չի եղել: Սա հարց է առաջացնում հեղինակի մոտ, թե արդյոք ամերիկյան երազանքը չէ՞ մեղավոր, որ ԱՄՆ բնակիչները շատ ավելի շատ են աշխատում այսօր, հավատալով, որ եթե ձգտեն, ապա ամեն ինչի կհասնեն:

Հեղինակը նշում է, որ դա իր հետ էլ է պատահել: Կար ժամանակ, երբ նպատակ էր դրել մինչ 30 տարեկանը միլիոնատեր դառնալ, ուստի ամեն օր աշխատելուց բացի ուրիշ ոչինչ չէր անում: Եթե հարցնեին իրեն ինչու էր ձգտում դրան, նա միգուցե կմկմար, թե իբր կյանքի մնացած հատվածում չաշխատելու համար է դա անում: Սակայն իրական պատճառն, ըստ հեղինակի, պատռված ջինսերի սինդրոմի արդյունքն էր:

Սկիդելսկին նշում է, որ անցյալում մշակութային նորմերը, ավանդույթները և կրոնը ցանկությունների անվերջ ընդլայնվող այս ձգտումը սանձում էին: Կրոնները գրեթե ամենուր դատապարտում էին հարստության անվերջ ձգտումը: Բարոյականությունն ու ավանդույթները անձնական շահերի մղումներին որոշակի զսպիչ ուժ էին հանդիսանում: Ժամանակակից կյանքը վերացրել է այս զսպանակները: Ավելին, ժամանակակից տնտեսական և քաղաքական տեսությունը, ձգտելով չեզոք մնալ, խուսափում է բարոյականությունից խոսել:

Ուստի ի՞նչ անել

Եթե ճիշտ է այս տեսությունը, որ մեր եկամուտի մի մեծ մաս ծախսվում է մրցակցային  սպառողականության և կարգավիճակ ցույց տալու վրա, ապա հետաքրքիր է՝ հնարավո՞ր է այս խաղը մի կողմ դնել ու աշխատել շաբաթական 15 ժամից էլ քիչ: Հեղինակը ֆրիլանսեր է, ուստի որոշել է փորձարկել: Վերջին ամիսներին աշխատում է շաբաթական մեկ-երկու օր: Մնացած օրերը կարդում է, մտորում է քաղաքական փիլիսոփայության շուրջ, խաղեր է խաղում կնոջ հետ: Եվ նա առաջարկում է յուրաքանչյուրիս այսպիսի հարցադրում անել՝ արածիս ո՞ր մասն է արվում այն պատճառով, որ ես մտահոգված եմ իմ կարգավիճակով: Այս պահի դրությամբ նա չի դժգոհում իր ֆինանսներից: Ավելին, նա գիտակցում է, որ իր աշխատանքի մեծ մասը սուտ էր, առանձնապես անարդյունավետ, քանի որ ժամանակի մեծ մասը նստում էր համակարգչի առաջ, քանի որ դա աշխատելու նշան էր իր համար: Իսկ այժմ, երբ գիտակցում է, թե որքան էներգիա է ծախսվում կարգավիճակ դիզելու համար, նա որոշել է չխաղալ և արդյունքում ավելի շատ հաճույք է ստանում իր կյանքից: Ապրում է համեստ, կարդում է, խուսափում է մարդկանցից, ովքեր հարստանալու, հաջողակ լինելու կամ աշխարհում հետք թողնելու մասին են խոսում: Իհարկե նա չի առաջարկում բոլորին աշխատել շաբաթը երկու օր, քանի որ բազմաթիվ գործատուներ դա անթույլատրելի կհամարեն: Բայց նա կարծում է, որ լիքը մարդ պարզապես չի պատկերացնում, թե իրենց ժամանակի և կյանքի որքան մասն է ծախսվում կարգավիճակի կերտման վրա: Ուստի առաջարկում է ինքնահարցադրել՝ արածիս որքա՞ն մասն է արվում կարգավիճակի համար և արդյո՞ք կյանքս ավելի լավը կարող էր լինել, եթե դրան ավելի քիչ ուշադրություն դարձնեի:

Հոդվածը թարգմանվել է այստեղից (լինքն այլևս չի աշխատում, բայց կարող եք փորձել կարդալ սա)

chat assistant

Դուք կարող եք օգտագործել մեր առցանց օգնականը՝ հարցերին արագ պատասխան ստանալու համար։

Առցանց խորհրդատու

chat assistant
👋 Բարև Ձեզ, ինչո՞վ կարող եմ օգնել
0 / 1000