img
  • արժանապատիվ աշխատանք

Աշխատանքային շաբաթը՝ չորս օ՞ր

Համենայն դեպս էսպիսի կարծիք է հայտնել բրիտանացի հայտնի մի բժիշկ (պրոֆեսոր Ջոն Էշտոնը, որի անունը մեր շրջանում շատ բան կարող է և չասել): Նշեմ նաև, որ նա նման մասնագիտական կարծիք հայտնել է մասնավորապես բրիտանացիների ներկայիս վիճակն ուսումնասիրելով, ուստի կարող եմ հենց սկզբից նշել, որ այս կարծիքը պետք է հետաքրքրի աշխատասեր, միգուցե և չափից դուրս աշխատասեր հասարակություններին, ովքեր իրենց աշխատանքի արդյունավետությամբ են աչքի ընկնում:

Դե ինչ, ինչպես բժիշկն է ասում, աշխատանքային շաբաթը հինգից չորս օրի վերածելով կնվազի ոչ միայն սթրեսը, կավելանա ընտանիքի հետ անցկացրած ժամանակը, այլ նաև կնվազի գործազրկությունը: Հենց այդպես. բժիշկը պնդում է, որ ոչ միայն լուծում կտրվի այնպիսի առողջական խնդիրներին, ինչպիսին օրինակ բարձր ճնշումն է, այլ նաև, ըստ նրա, լուծում կտրվի մտավոր խնդիրներներին, որոնք ոչ միայն կապված են շատ աշխատանք ունենալու հետ, այլ նաև աշխատանքի պակասի հետ:

«Երբ նայում ես, թե ինչպես ենք մեր կյանքն ապրում, սթրեսը, որի ներքո մարդիկ աշխատում են, վերջնաժամկետների ճնշումն ու հիվանդությունների արդյունքում բացակայությունները, աշխատանքի արդյունքում առաջացած մտավոր խնդիրները ավելի են լրջանում: Մենք պետք է չորս-օրյա աշխատանքային շաբաթ ունենանք, քանի որ աշխարհում առկա է աշխատաժամանակի անհամաչափ բաշխում. բնակչության մի մասը չափից դուրս շատ է աշխատում, իսկ մյուս մասը նույնիսկ աշխատանք չունի», ասում է պրոֆ. Էշտոնը:

Պրոֆեսորը ևս մեկ կարևոր նկատառում է անում, այն է, որ մենք նույնիսկ մեր լանչի ժամանակն ենք զոհաբերել: Շատերը իրենց սենդվիչն ուտում են հենց աշխատասեղանին՝ համակարգչի դիմաց՝ շարունակելով աշխատանքը:

Ի դեպ, եթե դեռ մտածում եք, որ սա էլ հերթական մի ինչ որ բժշկի հերթական եզրակացությունն է, նշեմ, որ պրոֆեսորը գլխավորում է Բրիտանիայի առողջապահության ոլորտում 3300 փորձագետներից կազմված Հանրային առողջապահության բրիտանական ամբիոնը (սա ասոցիացիայի նման բան է): Վերջիններս հետազոտություններ են անում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են գիրությունը, ալկոհոլի չարաշահումը, ծխելը, դրանց կապը աղքատության, գործազրկության հետ, նաև աշխատում են հարուստների և աղքատների միջև առողջապահական անհավասարությունը նվազեցնելու ուղղությամբ: Դե իսկ պրոֆեսորն ինքը իր երեքամյա նախագահությունը փորձում է օգտագործել մտավոր խնդիրների շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու համար, մասնավորապես այնպիսի խնդիրների, ինչպիսիք են անհանգստությունը, դեպրեսիան, որոնք էլ մի շարք առողջական խնդիրների պատճառ են դառնում:

Դե իսկ ինչ վերաբերում է բրիտանացիների աշխատանքային ժամերին, ապա նրանք Եվրոպայում ամենաերկար աշխատաժամանակ ունեցողների թվին են դասվում:

Իսկ ահա ապրիլին YouGov-ի կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ աշխատողների 57%-ը կողմ է չորսօրյա աշխատանքային շաբաթվան, իսկ 71%-ը կարծում է, որ դա Բրիտանիան կդարձնի շատ ավելի երջանիկ վայր: Ըստ պրոֆեսորի, դա կարող է հանգեցնել ժպիտների ավելացման, ինչն էլ կբարելավի համընդհանուր առողջական վիճակը:

Աղբյուր 

Թեգեր :